Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներըը հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են։ Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: - Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
Այո գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: - Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը:
Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: - Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
Բացասական նշանակությունն այն է, որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ։
Դրական նշանակություն այն է, որ ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար: